Մինչ Ադրբեջանը «լոնքելով» առաջ է գալիս, իսկ Հայաստանում ժողովուրդը պահանջում է վարչապետի հրաժարականը, Թուրքիան ձեռքերը ծալած չի նստում։ Ըստ լուրերի՝ Թուրքիան Ադրբեջանի հետ մեկտեղ աշխարհից պահանջում է փակել Հայաստանի ատոմակայանը։ Իշխանական աղբյուրները այս տեղեկությունը անհիմն են համարում, իսկ էներգետիկներին մոտ կանգնած աղբյուրները ոչինչ չեն բացառում, հիշեցնելով, որ Հայաստանի ատոմակայանը կառուցման օրից Թուրքիայի կոկորդում է։ Սրա հետ մեկտեղ ակտիվորեն խոսվում է Հայաստանում ներդրումային մի ծրագրի՝ արևային կայաններ կառուցելու մասին։ Եվ ուրեմն որտե՞ղ է ճշմարտությունը, ի՞նչ ճակատագիր կունենա ատոմակայանը։ Այս և Ադրբեջանի սահմանային ախորժակի հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Թինկ Թանկ Արմենիա» վերլուծական կենտրոն» ՀԿ-ի նախագահ ՀԱԿՈԲ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ։
-Վերջերս լրատվամիջոցներով իսկապես ակտիվորեն և անթաքույց հպարտությամբ լուսաբանվում է Արաբական էմիրաթների հնարավոր ներդրումային ծրագրի մասին, ըստ որի, մեծ ներդրումային ընկերության կողմից պիտի արևային կայան կամ կայաններ կառուցվեն՝ ընդհանուր 400 մեգավատ հզորությամբ. այդ պայմանավորվածության ձեռքբերումը վերագրվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին,- ասում է պարոն Մարտիրոսյանը: -Այո, առաջին հայացքից կարծես ամեն ինչ հոյակապ է, քանի որ ներդրումային մեծ ծրագիր է, վստահության արտահայտություն մեր երկրի ներդրումային միջավայրին, վարակիչ օրինակ, տնտեսական աճի հեռանկար և այլն: Սակայն եկեք վերցնենք հարցի շուրջ ոգևորության մթնոլորտում արծարծվող հանճարեղ մտքերը և այդ համատեքստում փորձենք հասկանալ, թե ինչի կարող է սա վերածվել: Այսպիսով, հրապարակ նետվող հանճարեղ մտքի լուսապսակն այն է, որ կառուցվելիք կայանը ունենալու է գրեթե Մեծամորի ատոմակայանի հզորություն, և դա նշանակում է, որ մենք մեր ատոմակայանը փակելուց հետո կունենանք դրա այլընտրանքը «կանաչ և անվնաս» էներգիայի տեսքով և նմանատիպ այլ զառանցանք: Կարելի է մտածել, որ նման հայտարարություն անողները բանից ոչինչ չհասկացող որոշ դիլետանտ լրագրողներ են իրենց վերլուծականով: Սակայն եկեք նայենք այլ կողմից: Իսկ եթե դա այդպես չէ, և եփվող ու մատուցվող համատեքստը հենց այն խայծն է, որ գցվում է մեր առաջ, որպեսզի կամաց-կամաց կուլ տանք: Ընդհանուր համատեքստում մեր ատոմակայանի, իբրև թե, վտանգավորության ու դրա փակման պահանջն է, որը շարունակաբար բարձրացնում են մեր վայ հարևանները մագատեներում և այլուր՝ միաժամանակ պլանավորելով ու կառուցելով իրենց ատոմակայանները: Գաղտնիք չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը պլանավորում են կառուցել մի քանի ատոմակայան, նկատենք, այն դեպքում, երբ Ադրբեջանը դեռևս ածխաջրածնային ռեսուրս արտահանող է: Գաղտնիք չէ նաև, որ այդ ատոմակայանները կառուցելու են ռուսները: Հիմա ևս մի շտրիխ ընդհանուր համատեքստից: Վերջին տարիներին բանակցություն էր վարվում Ռուսաստանի հետ նոր ատոմակայան կառուցելու համար, սակայն ինչ-որ անհեթեթ պատճառաբանությամբ այն ձախողվեց ու դրա փոխարեն բավական թանկ գնով որոշում կայացվեց մինչև 2025 թ. երկարացնել «հնի» կյանքը: Բա հետո՞։ Հետո՝ ի՞նչ: Ատոմի փոխարեն ապակի՞: Կարո՞ղ է նորից ռուսներին մեղադրենք մեր անմտությունների համար ու նրա համար, որ նրանք պիտի թուրքերի համար ատոմակայաններ կառուցեն: Ստացվում է, որ սա է մեր այլընտրանքն ու ապագան: Ստացվում է, որ ատոմակայանի ստրատեգիական նշանակությունը երկրի անվտանգության համար այլևս որևէ կարևորություն չունի: Հիմա ուզում եմ մի քանի հարց բարձրացնել ի լուր բոլորի: Արդյո՞ք այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր էներգետիկայի ու էներգետիկ անվտանգության ոլորտում, պատահականություն է, կառավարելի դրական կամ անկառավարելի զարգացում, թե՞ ուղղորդված վտանգավոր ընթացք: Արդյո՞ք ՀՀ նախագահի պաշտոնին գործուղված անձը խորությամբ հասկանում է այն վտանգը, որ բերում է իր հետ արևային կայանով ոգևորվելը։ Արդյո՞ք ՀՀ նախագահի պաշտոնին գործուղվածը և այլ պատասխանատուներ քայլեր ձեռնարկում են նոր ատոմակայանի կառուցման համար, թե՞ իրենք էլ են կարծում, որ ատոմակայան այլևս պետք չէ, քանի որ քամին ու արևը մեզ բավարար են: Իմ անձնական կարծիքն այն է, որ այս ամենում, ինչ կատարվում է հիմա էներգետիկ անվտանգության ոլորտում, կա անտեսանելի ձեռք, որն ուղղորդում է բոլոր գործողությունները, ներառյալ մեր ուղեղների լվացումը: Արթնացիր թմբիրից, ժողովուրդ: Ատոմակայանն ավելին է, քան միայն լույսը մեր և ձեր տներում: Շատ ուրախ եմ անձամբ, եթե քար ու քռոտ վայրերում անչափ մեծ հզորությամբ արևային ու քամու կայաններ կառուցվեն, բայց դա չպիտի արվի ատոմակայանի հաշվին: Ի դեպ, ասեմ նաև, որ ամեն ինչ կախված է լինելու նաև նրանից, թե ինչ պայմանագիր է նախատեսվում կնքել արաբ ներդրողի հետ: Ամենայն հավանականությամբ, դա կլինի արտադրված էներգիան գնելու պարտավորությամբ պայմանագիր, այսպես կոչված, PPA, առանց որի ներդրողը չի ծախսի ոչ մի ցենտ: Սա իր հերթին կխոչընդոտի որևէ այլ հզորության կառուցումը, քանի որ ներքին սպառումը դրա պահանջն այլևս չի ունենա, իսկ արտահանելու գծերը դեռ հայտնի չէ, թե երբ կկառուցվեն ու ինչ հզորությամբ: Սա այն տեխնոլոգիան է, որով մենք ծուղակն ենք ընկնելու՝ ինչ-որ հզորության գնման պարտավորություն ստանձնելով: Սթափության կոչ եմ անում՝ մեզ պե՛տք է ատոմակայան ու վերջ:
-Հայաստանի համար այդ վտանգավոր հարցից անդրադառնանք մեկ այլ ծանր խնդրի։ Ադրբեջանը անընդմեջ իր սահմաններն ընդլայնում է դեպի Հայաստան, ասելով, թե իբր այդպիսին են եղել սահմանները Խորհրդային Միության ժամանակ։ Խորհրդային Միությունը 30 տարի առաջ փլուզվել է, և այդպիսի պետություն այլևս չկա։ Ի՞նչ եք կարծում որպես իրավաբան-միջազգայնագետ՝ ինչպե՞ս կարելի է այսօր սահմաններ գծել մի պետության քարտեզի համաձայն, որը գոյություն չունի։
-Խորհրդային Միության ժամանակ գծանշված սահմանները որևէ կապ չունեն այսօրվա իրականության հետ։ Ադրբեջանցիների արգումենտը չգիտեմ ինչու իդեալական ընդունվում է իշխանությունների կողմից։ Առաջին անգամ քարտեզը գծվել և կազմվել է 1929-ին, այն ժամանակվա չափագրման Վեստա գործիքով։ Ակնհայտ է, որ այն գծանշվել է ահռելի շեղումներով, քանի որ այսօրվա տեխնիկական հնարավորությունները չկային։ Երկրորդ գծանշումը իրականացվել է 1945-ին։ Սակայն, քանի որ 15 միութենական հանրապետությունների սահմաններն ընդամենը ներքին նշանակություն են ունեցել, ապա սահմանները գծանշվել են խիստ պայմանական, ինչպես հարմար են գտել։ Ըստ էության ներքին պետական սահման հասկացություն չի եղել։ Այսինքն, գծվել է ԽՍՀՄ ընդհանուր, արտաքին պետական սահմանը և կարելի է ասել՝ դրա մեջ ձեռքի հետ նշմարել են միութենական հանրապետությունների մոտավոր սահմանները։ Հին ատլասներում դա պարզորոշ երևում է։ Հետևաբար դա իրավական հիմք չի կարող լինել, քանի որ Դուք ճիշտ եք՝ եղել է մի պետություն իր արտաքին սահմաններով։
-Այսինքն, դրանից ելնելով կարելի՞ է ասել, որ եթե իշխանությունը ցանկանա, ապա այսօր կարող է Սյունիքում կանգնած ադրբեջանական դիրքապահներին հետ ուղարկել՝ ՝ իրավական փաստաթղթերի համաձայն։
-Իհարկե՝ այո։ Սակայն չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում «եթե ցանկանա» ասածը։
-Դե, քանի որ իշխանությունը մի տեսակ անգործություն է ցուցաբերում և սահմանները ճշտելու հարցը թողել է Ադրբեջանին։
-Ես կասեի՝ հանցավոր անգործություն են դրսևորում ՀՀ իշխանությունները։ Պետության սուրբ պարտականությունն է նման դեպքերում գործել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է Հայաստանում 2001 թվականին։ Ես չգիտեմ թե ով է այն «գրագետը», որ սահմանների մասին խոսելիս վկայակոչում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։ Այդ օրենքը արտաքին` պետական սահմանների հետ որևէ կապ չունի։ Հետևաբար «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը չի կարող հանդիսանալ իրավական փաստաթուղթ այս խնդրի լուծման համար, քանի որ ցանկացած սուվերեն պետության արտաքին սահմանը որոշվում է միջազգային պայմանագրերով և ազգային օրենսդրությամբ:
Նախ՝ պետք է իրականացվի պետական սահմանի տեղորոշում (դելիմիտացիա): Այսինքն դա փոխադարձ համաձայնությամբ իրար հարևան պետությունների սահմանագծի որոշումը և գրանցումն է համապատասխան քարտեզի վրա, որը կարգավորվում է համաձայնագրերով։ Տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև:
Դրանից հետո, երբ բոլոր հարցերը լուծված են, վիճելի խնդիրները ևս լուծված են, պետական սահմանը տեղանքում գծանշվում է պարզ տեսանելի սահմանանշաններով, որոնց ձևերը, տեղադրման կարգը և նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան (դեմարկացիա): Դա նշանակում է, որ միջազգային պայմանագրի հիման վրա երկու պետությունների ղեկավարները ստորագրում են այդ պայմանագիրը։ Դրանից հետո կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան, այն անցնում է վավերականացման փուլը և հաստատվում, որով կողմերը վերջնականապես փաստում են, որ ճանաչում են մեկը մյուսի սահմանները:
Այսօրվա սահմանագծերի որոշման գործընթացը դեմարկացիա է, այսինքն, առանց դելիմիտացիայի միանգամից երկրորդ փուլին են անցնում, այն էլ՝ միակողմանի։ Ադրբեջանը գալիս է և տեղանքում տեղորոշվում GPS կոորդինատային համակարգով, գոնե այդպես են ասում, և ինքն է որոշում՝ որն է իր սահմանը։ Մինչդեռ այսօր աշխարհը օգտվում է ոչ միայն GPS կոորդինատային համակարգից, այլ շատ և շատ ուրիշ համակարգերից։ Հայաստանի Հանրապետությունը օգտվում է WGS-84 կոորդինատային համակարգից, որից օգտվում է նաև Եվրոպան։ Մինչդեռ մեզ հայտնի չէ, թե Ադրբեջանը ի՞նչ համակարգից է օգտվում։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ սահմանները գծանշվեն (դեմարկացիա), անհասկանալի է, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունն ինչպես է սահմանելու սահմանային գոտին:
Ավելի պարզ ասած, սահմանային գոտին այն տարածքն է, որը Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից ծավալվում է դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը` մինչև 5 կիլոմետր լայնությամբ: Այսինքն, եթե այսօր նույնիսկ գծանշվեն սահմանագծերը, ապա դեպի ներս ևս 5 կիլոմետր լայնությամբ պետք է սահմանվի մուտքի և ելքի հատուկ իրավական ռեժիմ, և այնպես չէ, որ ազատ ելք ու մուտք է լինելու: Դա նշանակում է, որ պետական սահմանը` գոնե մեզ համար, այն սահմանագիծը չի լինելու, որը գծանշվել է:
-Պարոն Մարտիրոսյան, Դուք 16 տարի անշարժ գույքի կադաստրի կոմիտեում զբաղեցրել եք գրանցման վարչության պետի պաշտոնը, այնուհետև 4 տարի աշխատել եք մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավար. այս 30 տարիների ընթացքում, ըստ Ձեզ, ինչու՞ Ադրբեջանի հետ պետական սահմանները չեն հստակեցվել, որ այսօր այդ խնդիրը չառաջանար։
-Նորից հիշեցնեմ, որ այդ իրավական գործընթացը չի կարող իրականացվել միակողմանի: Մենք ունեցել ենք ազատագրված տարածքներ, որոնց ամբողջ երկայնքով ձգվել է մեր սահմանային գոտին. ըստ այդմ, անիմաստ էր իրականացնել առանց մյուս կողմի մասնակցության, ինչը դեռևս ուշ չէ հիմա անել: Թուրքիայի հետ մեր պետական սահմանը պարզ է, քանի որ այն գծանշված է եղել դեռևս ԽՍՀՄ տարիներին, որպես մեծ երկրի արտաքին սահման, իսկ Վրաստանի հետ, բացի որոշ վիճելի պահերից, ավարտված է:
Զրուցեց Ժասմին ՎԻԼՅԱՆԸ